Ներսի փոթորիկները

ՈՒ մեր ամենքի ներսում մի ուրիշ փոթորիկ կա, փոթորիկ, որի մասին ոչ մեկ չգիտի բացի ինքներս մեզնից, ոչ մեկ չգիտի ու իմանալու դեպքում էլ ոչ մեկ չի հասկանա, որովհետև այդ փոթորիկները նույնը չեն բոլորի համար ու միանգամից չեն սկսվում, այլ նրանք մի քանի հանդարտ քամիների հետևանք են, որ հետզհետե ուժեղանում են ու ի վերջո տակնուվրա անում ամեն ինչ։ Ամենքի քամիները տարբեր են, տարբեր կողմից են փչում, տարբեր ուղղություն ունեն… ու գիտե՞ք ամենաանտանելին ինչն է, որ փոթորիկները ներսումդ են, դու դրսից նորից նույնն ես, կողքից նայողը պատկերացում անգամ չունի, որ ներսումդ ինչ որ բան է կատարվում, որովհետև դու կրկին շարունակում ես ժպտալ, շարունակում ես կատակել, խոսել, ծիծաղել, կարծես թե նույնն ես, ինչ կայիր, բայց… նույնը չես, չես էլ լինի, որովհետև փոթորիկներն փլուզում են ներսումդ եղած ամեն ինչ, ու թե նրանցից հետո ներսդ ինչ ձև կդասավորվի ոչ մեկ չգիտի, դու էլ չգիտես, մնում է միայն սպասել, որովհետև ինչքան էլ ատենք “ժամանակը բուժում է” արտահայտությունը, ամեն ինչ այդպես էլ կա, ժամանակ է պետք, որ ներսի փոթորիկն հանդարտվի, սիրտդ, հոգիդ, մտքերդ իր տեղն գտնեն, ու հետո շարունակես ապրել, կրկին ժպտալ, կատակել, բայց այս անգամ արդեն անկեղծ, ներսիդ ու դրսիդ ներդաշնակությամբ:

Continue reading “Ներսի փոթորիկները”

Հատված նոթատետրից #5

Ու չկա մեկը, որ գա գրկի քեզ ու առնի ուսերիցդ ամբողջ օրվա հոգնածությունդ, որ քեզ գցես իր ուժեղ ձեռքերի մեջ ու զգաս, որ տանն ես։ Կան չէ՞, այդպիսի մարդիկ, որոնք այնքան հարազատ են, այնքան մոտիկ քո հոգուն, որ կարծես տան պես լինեն, որ պատրաստ են ընդունել քեզ ցանկացած վիճակում` հոգնած կամ երջանիկ, անտրամադիր կամ գերակտիվ։ Զգաս, որ նա էր, ով պետք էր քեզ ամբողջ օրվա ընթացքում, որ դու կարիքը ունեիր։
Չկա մեկը, որ պատմես ինչպես անցավ օրդ, որ բողոքվես ծանրաբեռնված աշխատանքից, որ ծիծաղես նրա անհամ կատակների վրա ու միաժամանակ, հասկանաս, որ դու ամբողջ կյանքում սպասել ես իրեն։ Չճանաչելով, բայց սպասել ես ու իմացել ես, որ կգա, օրերից մի օր կգա։
Մեկը, ով կհասկանա քեզ առանց բառերի, ուղղակի աչքերիդ մեջ նայելով ու անչափ շատ սիրելով աչքերդ, որոնց փայլի համար, կանի ամեն ինչ։
Չկա, գրողը տանի, այդ մեկը, որ հիմա այնքան շատ է պետք։ Ու կան մնացածը, որ ընդհանրապես պետք չեն, բայց կան, կյանքումդ են, ամեն քայլափոխիդ։ Ու երանի ես տալիս, որ նրանցից մեկը լինի հենց ՆԱ, որ մոտենաս, գլուխդ դնես ուսին ու վերջ, անէանաս, կտրվես աշխարհից, դադարես մտածել, սրտնեղել, տանջվել, միայն զգաս նրա ձեռքերը գոտկատեղիդ փաթաթված ու վայելես իրեն։
Վերջ։ Քեզ էլ ոչինչ պետք չէ, ոչ ոք պետք չէ։

Continue reading “Հատված նոթատետրից #5”

Հատված նոթատետրից #4

Ես չեմ սիրում, երբ մոռացված մարդիկ ժամանակ առ ժամանակ հետ են գալիս։ Երբ թվում է` վերջ, նա էլ իմ գլխում չէ, իմ մտքերն այլևս նրա հետ չեն կապված, ես էլ չեմ կարոտում իրեն։ Բայց… մի հանդիպում, մի զանգ, հաղորդագրություն… ու վերջ, փլուզվում է ներսիդ պատը, որ կառուցել էիր քեզ հեռու պահելու նրանից։ Ես չեմ սիրում, երբ վերադառնում են։ Որովհետև հիմնականում վերադառնում են կրկին գնալու նպատակով, վերադառնում են համոզվելու համար, որ դեռ կարոտում ես, չես մոռացել, որ հանկարծ չմոռանաս, որովհետև դու` փոքրիկ արարածդ, ինչպես կարող ես նրանց մոռանալ, ախր նրանք արժանի են միշտ հիշվելու ու միեւնույն ժամանակ պարտավոր չեն քեզ հիշելու։ Իսկ դու, դու պարտավոր ես հիշել, տանջվել, մտածել ու հենց սկսես քեզ գնահատել, նրանք կգան կրկին ու ամեն ինչ կսկսվի նորից նույնի կրկնությամբ։

Չգիտեմ, գուցե մենք ենք այդպես սովորեցրել մարդկանց, գուցե մենք ենք մեղավոր… Չէ՛, Տիրուհի՛, դադարի՛ր քեզ մեղադրել այն բաների համար, ինչում իրականում մեղավոր չես։ Վերջ տու՛ր, ուշքի արի՛, մեծ աղջիկ ես, քեզ չի սազում։
Երբ ենք մենք դադարելու արդարացումներ փնտրել ուրիշների համար, երբ ենք դադարելու ինքներս մեզ մեղադրել, ու դադարելու՞ ենք արդյոք։ Երբ ենք գնահատելու ինքներս մեզ ու հասկանալու, որ ամեն օր տառապելով ոչինչ չի փոխվի, պետք է վերջապես դեն գցել սեփական գլխից առնետի պես կրծող մտքերը ու առաջ շարժվել` կամաց-կամաց, շատ փոքրիկ քայլերով, բայց շարժվել, չքարանալ տեղում ու անընդհատ հետ նայել։ Մի օր կստացվի, երևի։ Ե՞րբ։ Ինքս էլ չգիտեմ։ Գուցե այսօր` ժամը 23:47, գուցե վաղը` կեսօրին, մեկ ամիս հետո, գուցե տարիներ, գուցե… երբեք։

Continue reading “Հատված նոթատետրից #4”

Հատված նոթատետրից #3

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի են արցունքներն աղի։ Վստահ եմ, այս մասին երբեք չեն մտածում, երբ երջանիկ են։ Երբ լացելու առիթ չկա, երբ ամեն ինչ կարգին է, ներսումդ հարմոնիա է տիրում, այդ ժամանակ կարիք չկա մտածելու ոչ լացելու մասին, ոչ արցունքների աղի լինելու պատճառների մասին։ Այս մասին մտածում են, երբ լացում են, երբ սրտում փոթորիկ է կամ թանկ մարդու կորուստ։
Ես սկսեցի այս մասին մտածել, երբ արցունքներս կաթիլ-կաթիլ թափվում էին աչքերիցս, իրար հերթ չտալով իջնում էին այտերիցս ցած, ժամանակ առ ժամանակ ընկնելով այն փոսիկի մեջ, որ գտնվում է շուրթերի ու այտի միջև։ Հենց այնտեղից ենք մենք զգում արցունքների աղիությունը։ Հենց այնտեղ է մարդն հասկանում, թե ինչ է նշանակում դառը արցունքներ։
Զգացե՞լ եք, երջանկության արցունքներն աղի չեն։ Թե՞ մեզ է այդպես թվում: Իրականում աղի են, բայց ոչ այնքան շատ, որ մենք զգանք նրանց աղիությունը։ Բացի այդ, երբ երջանիկ ես, այդ ամենը չես նկատում, թե արցունքներն են հաճելի, թե նրանց աղի լինելը։
Գիտականորեն արցունքն իր մեջ պարունակում է H2O-ի (99%) եւ նատրիում քլորիդի, այսինքն աղի խառնուրդ: Աղի քանակութիւնը շատ քիչ է արցունքի մեջ, բայց, միևնույնն է, զգում ենք։ Բացի այդ, ասում են, արցունքի աղիութիւնը կախված է մարդու օրգանիզմում տեղի ունեցող ֆունկցիաներից: Լացելիս՝ սկսում է ավելի ակտիվանալ վահանաձև գեղձի գործառույթը, իսկ վերերիկամային գեղձը սկսում է ավելի դժվարությամբ աշխատել: Արագանում է նաև սրտի աշխատանքը: Այս պարագայում օրգանիզմը ծանրաբեռնվում է, նատրիում քլորիդին ավելանում են կալիումի իոններ և մագնեզիում, ինչն էլ լրացուցիչ համ է տալիս արցունքին:

Continue reading “Հատված նոթատետրից #3”

Հատված նոթատետրից #2

Ես մի բան եմ հասկացել… իրականում մարդիկ չգիտեն իրենց դերը ուրիշների կյանքում, չգիտեն ինչ նշանակություն ունեն։ Երևի դա է պատճառը, որ երբեմն անում են քայլեր, որոնցով, կամա թե ակամա, սրտեր են կոտրում։ Եթե մարդիկ իմանային ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց, առաջին հայացքից չնչին թվացող արարքները ու ինչ ազդեցություն կարող են թողնել, գուցե և չանեին, եթե իմանային ինչքան ուժեղ են իրենց բառերը ու երբեմն ինչքան կարող են ցավեցնել, գուցե և չասեին, գուցե չուզեին ցավեցնել, ավելի շատ գնահատեին ու ուշադիր լինեին։
Չգիտեմ, գուցե… կամ էլ ես եմ չափազանց լավատես, որ մարդկանց մեջ միայն լավ եմ ուզում տեսնել ու ինձ միշտ թվում է, թե մարդիկ չգիտակցելով են սրտեր կոտրում։ Երևի մարդիկ իրոք այնքան էգոիստ են, որ իրենց չի հետաքրքրում ուրիշի կարծիքն ու զգացմունքները, կարևորը իրենք հաղթած դուրս գան “խաղից”, խաղ, որում իրականում հաղթող չկա, ուղղակի մեկի մոտ պարտության զգացողությունը միանգամից է լինում, մյուսի մոտ փոքր ինչ ավելի ուշ, այն ժամանակ, երբ այն մեկն սկսում է գնահատել ինքն իրեն ու հասկանում է, որ տեղ չունի նրա կողքին, ու հեռանալն ավելի լավ է, քան “անտեղ” մնալը։ Որովհետև վաղ թե ուշ, այն “իրն”, որ տեղ չունի, նետում են աղբանոց։ Ու հետո միայն, պետք եղած դեպքում, հասկանում նրա կարևորությունը։

Continue reading “Հատված նոթատետրից #2”

Հատված նոթատետրից #1

Ցանկացած մարդ ուզում է սիրված լինել, ես, դու, բոլորը։ Դա այնպիսի մի պահանջմունք է, ինչպես ուտելը կամ քնելը։ Մարդն չի կարող չսիրել ու նույն կերպ չի կարող ապրել առանց սիրվելու։ Որովհետև սիրո պակասը չարություն է ստեղծում, սիրված մարդիկ միշտ էլ բարի են։
Երբեմն ասում ենք “ես սիրում եմ մենակությունը, ինձ ոչ մեկ պետք չի”, իրականում սուտ է, սրանից մեծ սուտ մեկ էլ “վաղվանից դիետա եմ պահում”-ն է։ Ցանկացած մարդու պետք է մեկ այլ մարդ։ Պետք է ոչ այն պատճառով, որ դու թույլ ես, կյանքը` դժվար, գլուխ չես հանում պրոբլեմներից ու քեզ օգնող մեկն է պետք, չէ, իրականում երբեմն այդ պատճառով էլ է պետք, բայց ավելի հաճախ քեզ պետք է մեկն, որ իր հետ սուրճ խմես, բողոքես կյանքից, գրկես, երբ տխուր ես, կամ երբ մրսել ես, որ սիրես ու իրենից ստանաս ամեն օրվա քո չափաբաժին սերը, որը չի թողնի չարանալ մարդկանց, կյանքի հանդեպ։ Քեզ պետք է մեկը, ով կսիրի քեզ ցանկացած իրավիճակում, առավոտյան քնաթաթախ ու գզգզված մազերով, երեկոյան հոգնած ու կյանքից անվերջ բողոքող, շատախոս ու սուսիկ-փուսիկ, խենթ ու խելառ, էներգիայով լի ու անհավես, “անէներգիա”։

Continue reading “Հատված նոթատետրից #1”

Վերադարձ մտքերիս անկյուն

Պատահական բացեցի էլեկտրոնային նոթատետրս, լրիվ ուրիշ բան նայելու նպատակով, ու հանդիպեցի գրառումներիս, որոնք գրել եմ Տիկ Թայմը “թողնելուց” հետո, հա, հա, բլոգի մեջ վերջին գրառումից հետո ես կրկին գրել եմ, ոչ հաճախ, մեկ-մեկ, բայց գրել եմ, որովհետև երբ զգացմունքների տեղատարափ է լինում ինձ մոտ, ես չեմ կարող չգրել, չեմ կարող չկիսել թղթի հետ այն, ինչ զգում եմ: Բայց այն ժամանակ ցանկություն չկար դրանք տեղադրելու բլոգ, չգիտեմ ինչու: Իսկ այսօր, երբ կրկին բացեցի նոթատետրս ու կարդացի գրածներս, ուզեցի կիսվել նաև ձեզ հետ, ուզեցի վերադառնալ բլոգ, թեև կարճ ժամանակով:
Այսպիսով, Տիկ Թայմն ու ես վերադառնում ենք, ու մոտակա մի քանի շաբաթը կլինի նոր գրառումներ` ամեն կիրակի, ինչպես և միշտ: Հուսով եմ ուրախ եք վերադարձիս համար ու ձեզ դուր կգան գրառումները, բայց խիստ չդատեք, Տիրուհին այլևս չի գրում այնքան հաճախ ու այնքան լավ, որքան առաջ էր: 😀

Դե ինչ, սպասեք գրառման հենց այս կիրակի ու հաջորդ մի քանի կիրակիները, իսկ հետո ես կրկին հրաժեշտ կտամ` կրկին անորոշ ժամանակով: 🙂

P.S. Երկար դադարից հետո գրված գրառումներն բլոգում կլինեն “Հատված նոթատետրից” վերնագրի տակ, իսկ ներքևում նշված կլինի այն ամսաթիվը, երբ գրվել է գրառումը:

Continue reading “Վերադարձ մտքերիս անկյուն”

Հրաժեշտ` ժամանակավորապես կամ ընդմիշտ

Ես հրաժեշտներ չեմ սիրում, բայց լուռ հրաժեշտ տալն ինձ համար չի, ես չեմ կարող առանց ոչ մի բան ասելու հեռանալ, կորել։ Այդ պատճառով, վերջին անգամ որոշեցի գրել, հրաժեշտ տալ` ժամանակավորապես կամ ընդմիշտ։ Ամեն ամառ, դասերիս վերջանալու պես, ես սկսում էի գրել, գրել ինչքան հնարավոր է շատ, պատրաստել գրառումներ, որ սեպտեմբերից սկսած ամեն կիրակի բլոգում գրառում լինի ու ստացվում էր գրել, կարողանում էի հոգիս ներդնել գրառումներից մեջ ու հասցնել ընթերցողի սրտին, ես ուզում էի գրել, ասելիք ունեի, որ չասելու դեպքում անհնար էր շարունակել ապրել… Հիմա էլի ամառ է, դասերս վերջացել են վաղուց, բայց ինձ մոտ դեռևս չի եղել ցանկություն վերցնել նոութբուքն ու գրել, չի եղել նույնիսկ մեկ անգամ((։ Դժվար է ընդունել այս ամենը ու բարձրաձայնել, որ գուցե ես “մեծացել” եմ (ռուսերեն ասած` переросла) այս ամենից։ Գուցե այլևս ասելիք չկա, կամ գուցե ասելիք կա, բայց ոչ այստեղ… չգիտեմ, դեռևս չեմ խորացել իմ մեջ ու չեմ հասկացել։ Բայց մի բան գիտեմ, երբեք չեմ կարող գրել պարտավորված, գրել միայն գրելու համար, առանց հոգի, առանց զգացմունք։ Ու հիմա սպասելու, սպասեցնելու փոխարեն հրաժեշտ տալն լավագույն որոշումն է, որ չհիասթափեցնեմ ոչ ինձ, ոչ ձեզ։

Continue reading “Հրաժեշտ` ժամանակավորապես կամ ընդմիշտ”

Սովորել ապրել

Տարիների ընթացքում իմ հոգին “մեծացել” է, ու փոխվել են իմ հայացքները որոշ բաների նկատմամբ: Այս ընթացքում շատ բաներից եմ դաս քաղել, ամեն ինչ փորձել եմ վերլուծել իմ մեջ, գնահատել, քննարկել, գուցե նաև քննադատել: Չէ, ուրիշին ինչ-որ տեղ մեղադրելու կամ իմ ճիշտը ապացուցելու համար չեմ արել դա, այլ արել եմ իմ ներսում, իմ համար, փորձել եմ տարբերել ճիշտն ու սխալը, սևն ու սպիտակը, ու փորձում եմ, ու փորձելու եմ, միշտ: Քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ անելու եմ ավելին հասկանալու, ավելին սովորելու համար, որովհետև սրտի աշխատանքը երբեք ավարտված չի կարելի համարել, քանի դեռ այն զարկում է, պետք է ապրեմ, սովորեմ, հետաքրքրվեմ, որովհետև շատ բան չգիտեմ, շատ բան ունեմ սովորելու: Կյանքը մի ամբողջ դպրոց է, որտեղ դասն ու քննությունը միաժամանակ է ու սևագիր անելու հնարավորություն չունենք, իսկ “առարկան” կտրվելն երբեմն շատ ցավոտ է: Բոլորս էլ սովորում կամ սովորել ենք դպրոցում, բայց շատ բաներ կա, որ մեզ այնտեղ չեն սովորեցրել: Չեն սովորեցրել ինչպես սիրել ինչ-որ մեկին, ինչպես լինել աղքատ կամ հարուստ, ինչպես լինել հաջողակ, ինչպես հեռանալ նրանից, ում չես սիրում: Դպրոցում մեզ չեն սովորեցնում ինչպես իմանալ, թե ինչ է կատարվում մեր գլխում, ուրիշների գլխում: Չեն սովորեցնում այն, ինչն պետք է որ իմանանք: Դպրոցում չեն սովորեցնում… բայց դրա փոխարեն մեզ այդ ամենն կյանքն է սովորեցնում, սովորեցնում է հասկանալի, բայց երբեմն ցավոտ մեթոդներով, որից հետո այլևս անցած նյութն չես մոռանում:

Continue reading “Սովորել ապրել”

Սերս քո անունով

Ես միշտ դժվարացել եմ պատասխանել այն հարցին, թե ինչ է սերը, միշտ խուսափել եմ պատասխանից, որովհետև մտածել եմ, որ ինձ սխալ կհասկանան, որ սիրո իմ բացատրությունը գուցե անսովոր լինի կամ գուցե տարօրինակ, կամ էլ չընդունեն մարդիկ այնպես, ինչպես ես եմ ընդունում։ Ու դա բնական է։ Մարդիկ տարբեր են, տարբեր է նաեւ մարդկանց մոտ սիրո ընկալումը ու յուրաքանչյուրի համար այն տարբեր նշանակություն ունի։
Նոր սիրահարված զույգերին թե հարցնես ինչ է սերը, կասեն` ներսումդ թռչող թիթեռներն են, սիրածդ էակին գրկել ու “ես քեզ սիրում եմ” ասելն է, սերը կարոտելն է ու անհամբեր հանդիպմանը սպասելն է: Սիրած էակից բաժանված մարդուն թե հարցնես, կասի սերը ցավ է, միայն ու միայն ցավ, որն կարող է մի պահ հանել քեզ երկինք, որ զգաս քեզ աշխարհի ամենաերջանիկը, իսկ մյուս պահին այնպես զարկել գետնին, որ կորցնես ինքդ քեզ ու ուշքի չգաս: Յուրաքանչյուրի համար սերն տարբեր բաների հետ է ասոցացվում: Ինչ-որ մեկի համար սերն ասոցացվում է երգելու հետ, որովհետև թվում է, երբ սիրահարված ես հոգիդ միշտ երգել է ուզում։ Մյուսի համար սերն գուցե ասոցացվում է ստեղծագործելու հետ, քանի որ սիրահարված ժամանակ ուզում ես գրել, նկարել, ստեղծագործել ու սերդ արտահայտել այդ ամենի միջոցով: Որոշ մարդկանց համար սերն գուցե նույնացվում է երջանկության, ջերմության հետ, ընտանիքի հետ, որոշների համար այն գուցե ուղղակի մի զգացմունք է ու վերջ:

Continue reading “Սերս քո անունով”
Design a site like this with WordPress.com
Get started