
20 տարեկա՞ն: Չեմ ուզում հավատալ, որ արդեն 20 տարեկան եմ: Հիմա խառնաշփոթ զգացողություններ են մոտս, անչափ երջանիկ եմ, որ այսօր այն օրն է, որ ծնվել եմ ու ծնողներիս համար թանկ նվեր եմ դարձել 3 տղայից հետո միակ աղջիկը, բայց մյուս կողմից անչափ տխուր եմ, որովհետև այս օրով ավելի եմ մեծանում, անցնում են տարիները ու այն տպավորությունն է, որ չեմ հասցնում ապրել, չեմ հասցնում անել այն ամենն, ինչ ուզում եմ: Հիմա եմ հասկանում, ինչքան միամիտ էի մանուկ հասակում, որ ուզում էի մեծանալ, չգիտես ինչի ինձ թվում էր, որ ես երբեք չեմ ցանկանա նորից մանկություն վերադառնալ, բայց արի ու տես, որ սխալվում էի: 20 տարեկան... Հիմա կյանքս, ասես, բաժանվում է երկու մասի
մինչև 20 տարեկան ու 20 տարեկանից հետո, ու ես վստահ եմ, որ ինչպիսին էլ լինի երկրորդ մասը, առաջինը միշտ էլ մնալու է կյանքիս լավագույն տարիները, թեկուզ միայն այն պատճառով, որ այնտեղ փոքր եմ եղել ու բացի խաղերից ու խաղալիքներից, ոչինչ չի հետաքրքրել 🙂 Ժպիտը դեմքիս, բայց և թախիծով եմ հիշում, թե ինչպես փոքր ախպորս հետ հնարում էինք ամենատարբեր, ամենատարօրինակ խաղերն ու հավեսով խաղում էինք, այդ ժամանակ չկար հեռախոս ու համակարգիչ ու դա լավագույն մանկությունն եր: Հիշում եմ խաղում էինք փոքր մեքենաներով, կինո էինք նկարում հին Nokia-ներով ու Sony Experia-ներով, դրանք այդ ժամանակվա ամենամոդայիկ հեռախոսներն էին 😀
Անցան ու գնացին այդ տարիները ու էլ երբեք չեն վերադառնա ու այդ միտքն ինձ այնքա~ն է տխրեցնում: Էլ երբեք չեմ լինի մանուկ, հետաքրքրությունից դրդված հազար ու մի հարց չեմ տա մամայիս, էլ չեմ խաղա ախպերներիս հետ, էլ երբեք ինձ երեխա չեմ զգա: