
Պատուհանից այն կողմ փետրվարն է, ցուրտ ու ձյունածածկ փետրվարը։ Ամեն ինչ փակված է ձյան տակ, երբեմն արևն դուրս է գալիս ամպերի տակից ու լուսավորում է, փորձում է տաքացնել շուրջը, բայց նրա ջերմությունն այնքան քիչ է հոգուս համար: Ուժեղ քամի է, կիրակի օր, լուռ գիշեր ու փողոցում ոչ ոք չկա։ Փետրվարն է, ամենակարճ ամիսը, որ տևում է անվերջ, ընդամենը 28 օր, որ թվում է, թե առաջ չի գնում, թվում է այս ամսին ժամանակն շատ դանդաղ է շարժվում կամ ընդհանրապես կանգ է առնում, իսկ ես այնպես եմ ուզում, որ այն արագ անցնի, որ շուտ գա գարունը ու տաքացնի բնությունն ու հոգիս, որովհետև երկուսն էլ հոգնել են ձմռան ցրտից, մարդկանց սառնությունից։ Հոգիս սեր է ուզում, սիրել ու սիրվել։ ՈՒզում է զգացմունք, որ հավերժություն է տևում։
Ձմեռն անցնում է… կանցնի շուտով, մի քանի օրից կվերջանա ցուրտն ու սառույցը: Բոլորը գնում են, ամեն ինչ վերջանում է, իսկ սերը… սերը երբեք չի անցնում։ Ինչքան էլ ինձ համոզեն, որ սերն անցնում է, միևնույն է, ես միշտ հավատալու եմ, որ սերն հավերժ մնում է, գուցե ժամանակի ընթացքում այն վերափոխվում է հարգանքի, հոգատարության, վերափոխվում է մարդկային այլ արժեքների, բայց չի անցնում, չի վերջանում, չի կորչում։ Այն կարող է փոխվել, կարող է լռել ու ընդհակառակը` բղավել իր մասին, բայց թողնել սիրող սիրտը ու գնալ երբեք չի կարող, չէ որ, այնտեղ տաք է ու հարմարավետ, ու գնալու տեղ էլ չունի:
Անցնում է տխրությունը, ցավը, տառապանքը, անցնում է ժամանակը, տարիները, անցնում է ձմեռը, իսկ սերը… սերը երբեք չի անցնում։